Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևային և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում և հարստանում են՝ ներառելով նորանոր բնագավառներ. միջպետական, միջխորհրդարանական ձևաչափերով ակտիվ փոխգործակցության հետ մեկտեղ ընդլայնվում են կապերն ակադեմիական, հասարակական շրջանակների միջև:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ներդրումային և գործարար միջավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությունների և ծրագրերի նախագծման գործընթացում ակտիվորեն ներգրավված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու «Առաջնորդների ակումբ»-ի համագործակցությունը, փորձի փոխանակումը ՀՀ կառավարության նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի:
Սվետլանա Չուպշևան և Արտյոմ Ավետիսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են իրենց գլխավորած կազմակերպությունների գործունեությունը, վերջին շրջանի հետաքրքիր նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել սերտացնելու կապերը հայաստանյան գործընկերների հետ՝ փոխադարձաբար հյուրընկալելով նրանց Ռուսաստանում:
Հյուրերը Նախագահին նաև իրենց տպավորություններն են ներկայացրել Հայաստանում ունեցած հանդիպումների, այցելությունների վերաբերյալ՝ նշելով, որ բավականին տպավորված են «Թումո» կենտրոնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությամբ և համարում են, որ Հայաստանը և Ռուսաստանն իրենց տնտեսությունների զարգացման ռազմավարական վեկտորների ընտրության հարցում որոշակի ընդհանրություններ ունեն՝ կադրերի պատրաստման, երիտասարդության կրթությունը խրախուսելու, զարգացնելու, որպես ապագայի մասնագիտություն՝ գիտատեխնիկական գործունեության մեջ երեխաներին ինչ-որ ձևերով ներգրավելու հետաքրքիր ծրագրերով և այլն: Այս ամենը, նրանց համոզմամբ, Հայաստանի հետ համագործակցությունն ավելի գրավիչ ու հեռանկարային է դարձնում: