Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը և գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։
Հանրապետության Նախագահի գնահատմամբ, խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով իրականացվող միջոցառումները, որոնց թվում է նաև այսօր բարեկամ էմիրություններում անցկացվող Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի բնագավառում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքներն ու դրա շրջանակներում ձեռք բերվելիք գործնական պայմանավորվածությունները կունենան երկկողմ լիակատար աջակցություն և իրենց լուրջ ներդրումը կբերեն հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հրավերի համար:
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթյան հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը միմյանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Դուբայի առևտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարության որոշման մասին, որն արդեն ուժի մեջ է մտել: Նախագահը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարևոր քայլ են համարել երկկողմ կապերի առավել ամրապնդման ու զարգացման ճանապարհին: