Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը և ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին: Հանրապետության Նախագահը և ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի և այդ ուղղությամբ ՀՀ և ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են Նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում: