Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին և ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ Հայաստանի և Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում ևս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարևոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ: Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, Հանրապետության Նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերով, այլ նաև արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով և օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ:
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է և օգտակար: Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո և աշխույժ քննարկվում են: «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, և անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս համագործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է Քեննեթ Ֆորշլունդը:
Հանդիպմանը զրուցակիցները հայ-շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կառավարման նոր համակարգի անցնելու այս փուլում դրանց կարևորությանը: