Մամուլի հաղորդագրություններ
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ (գնդակոծվող) գյուղերի աշակերտներ, առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ:
Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև դեկտեմբերի 27-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Ապրիլյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության անդամների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։