Մամուլի հաղորդագրություններ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
***
Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ լրագրողների ընդունելության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ տարեվերջի մեր այս հանդիպման առիթով: Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու և գալիք Ամանորը շնորհավորելու հնարավորության համար:
Առաջին հերթին ցանկանում եմ անդրադառնալ անցնող 2016թ.: Տարին արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք պետք է տոնեինք մեր անկախ պետականության 25-ամյակը:
Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք:
Երանի թե տարին առանձնանար միայն այդ գեղեցիկ հոբելյանով: Սակայն հայտնի է, որ այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին:
Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:
Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք:
Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը:
Շնորհակալ եմ այդ օրերին ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ ձեր համերաշխության համար:
Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե Նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում:
Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են:
Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովորդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է:
Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք:
Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որոմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու:
Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով:
Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց:
Սիրելի՛ բարեկամներ,
Հրաժեշտ տալով անցնող 2016 թվականին՝ շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, և երջանկություն, ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ արևշատություն և խաղաղություն: Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է:
Շնորհակալություն: