24
10, 2016

Նախագահն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին




Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր և լրագրող:

Հանրապետության Նախագահը ողջունել է մայր հայրենիքում արդեն 8-րդ անգամ անցկացվող համաժողովը, որը նվիրված է հայկական երկու հանրապետությունների 25-րդ տարեդարձներին:

«Դուք մեծ ուժ եք, դուք ձեր գործունեությամբ մեզ վստահություն և եռանդ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ուժերի առավելագույն գործադրմամբ կատարել մեր պարտականությունները: Մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ խոսել ենք այն մասին, որ մեր տեսակետից պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք. առաջին հանգամանքը այն լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքն է, որն ուղղված է բուն հայկական համայնքին, այսինքն՝ հայապահպանությանն ուղղված աշխատանքը, և երկրորդ՝ տարբեր երկրներում աշխատող ազգությամբ կամ արմատներով հայ լրագրողներին համախմբելն է: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ պարագայում չափազանց կարևոր է, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մենք կարողանանք գտնել աշխատանքի ճիշտ ձևերը, կարողանանք պահպանել հետաքրքրությունն այն նյութերի նկատմամբ, որոնց վրա մենք աշխատում ենք, հրապարակում ենք և ցանկանում ենք դրանով ազդեցություն ունենալ այս կամ այն հարցի վրա: Երկու պարագայում էլ, կարծում եմ, չափազանց կարևոր է միշտ հավատարիմ լինել լրագրողական բարեխղճությանը: Շատ կարևոր է նաև, որպեսզի մենք մեր ջանքերը կարողանանք համատեղել, գտնել այն էական խնդիրները, որոնց լուծման վրա պետք է ծախսենք մեր հիմնական էներգիան և մեր կարողությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ լրագրության մեջ երբեք հնարավոր չէ հաջողության հասնել փոքր ստերն ավելի մեծ ստով հերքելու կամ անօրինականությամբ օրինականություն հաստատելու փորձերով, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ որքան սուր լինի գրիչը ճշմարտությունը ներկայացնելիս, այնքան այն օգտակար կլինի և չի վնասի, իսկ նույն այդ գրիչը, լրագրողական կարողությունները, լրատվամիջոցների ազդեցությունն անզգույշ օգտագործելու դեպքում կարող է մեծ խնդիրներ առաջացնել:

Ողջույնի խոսքից հետո, Նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենա պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և առկա ներուժի, այդ թվում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժեք օգտագործման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականցվող պետական քաղաքականությունը և մի շարք այլ հարցեր:

← Վերադառնալ