21
10, 2016

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց և անկեղծ մթնոլորտում, Նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում:

Նախագահ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների և առկա իրավիճակի շուրջ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վերահաստատել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

← Վերադառնալ