20
10, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաստրիխտում այցելել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի

 

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:

2012թ. Լիմբուրգ նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու: Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատիուսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:

 

← Վերադառնալ