10
10, 2016

Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի ու առկա խնդիրների, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի շուրջ: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի Հանրապետության և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքն ու հեռանկարը, ՀՀ նոր կառավարությունից ակնկալիքները:

Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը երեկոյան Նախագահը կմասնակցի «Հայաստան» ներդրումային համաժողովին:

← Վերադառնալ