21
09, 2016

Նախագահը հանդիպում է ունեցել սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրենց ներկայությամբ պատվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Ներկա են եղել նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին:

Հանդիպման շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ թողարկված նամականիշների մարման հանդիսավոր արարողությունը: «25-ամյակ» և «Անկախություն» գրառումներով նամականիշների մարումն իրականացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրեր վերապատվելի,

Հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ քաղաքամայր Երևանում: Այս օրերին մենք բոլորս տոնում ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 25-ամյա հոբելյանը: Հաճելի է աշխարհի չորս կողմերից մայր Հայաստան այս առիթով ժամանած մեր ժողովրդի զավակներին բարի գալուստ մաղթելը:

Պատահական չէ, որ ձեզանից շատերն իրենց պարտքն են համարել այս կարևոր տոնակատարությունների օրերին լինել հայրենիքում: Անցած այս բոլոր տարիների ընթացքում Հայաստան աշխարհի բոլոր հատվածներում մենք մշտապես զգացել ենք սփյուռքի ներկայությունը, համերաշխությունը և աջակցությունը: Հայոց պետականության վերականգնումը եղել է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը կամրջող կարևորագույն նպատակ:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ քննարկել և իրագործել այս եռամիասնության շրջանակներում: Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից:

Անգամ ամենահպանցիկ անդրադարձը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը: Զորօրինակ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին: Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը և նախանձով՝ մեր ոչ-բարեկամների:

Բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկ տարի առաջ, մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հայաստանի պետության և սփյուռքի կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք կարող ենք հետապնդել և իրականացնել կարևորագույն քաղաքական նպատակներ: Երևանը հանդես եկավ որպես առաջնորդող և կառավարող ուժ, սակայն այդ ամբողջ հետևողական, համակողմանի աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր բոլորի միասնական քաղաքական կամքի: Սա ևս մեկ վկայություն է նրա, թե ինչ կարող է անել մեր հավաքական ուժը: Նման վերաբերմունք և արդյունք պահանջող հարցերն ու խնդիրները, իհարկե, շատ են:

Սիրելի՛ գործընկերներ,

Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր դարերով երազած պետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես լիարժեք մասնակից: Այսօր Երևանում գործում են ձեր կողմից ներկայացվող կառույցների խոշոր գրասենյակները, իսկ ձեզնից որոշների դեպքում՝ արդեն նաև կենտրոնակայանները: Այստեղ դուք ունեք ձեր ակնառու ներկայությունն ու մասնակցությունը թե՛ տնտեսության մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում, թե՛ ակադեմիական և թե՛ լրատվական դաշտում: Այստեղ են տեղափոխվում ձեր կողմից ավանդաբար անցկացվող երիտասարդական հավաքները, ճամբարումներն ու ամառային դպրոցները, ձեր համագումարներն ու համաժողովները, այստեղ եք դուք հիմնում գերազանցության գերժամանակակից կենտրոններ, դպրոցներ, համալսարաններ, հետևաբար՝ Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորեն դառնում է իրական տուն:

Շատ կցանկանայի, որ այստեղ տեսնեինք բոլոր այն անհատներին, խմբերին, կառույցներին, որոնք եղել են մեր եռագույն հպարտության, մեր անկախ Հայաստանի կերտողներն ու այսօր էլ լծված են մեր պետության ամրապնդման գործին: Կուզենայի տեսնել նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է զգան հայրենիքի խորքային բացահայտման բերկրանքը: Դուք ներկայացնում եք սփյուռքի հզորագույն կառույցները, բայց ինչպես հաճախ ինքներդ եք խոստովանում, նույնիսկ ձեր ներկայացուցչական կառույցները չեն ներառում աշխարհասփյուռ հայության ամբողջական ներուժը: Հուսով եմ, որ նաև դրա մասին է լինելու այսօրվա մեր խոսակցությունը՝ ինչպես ընդլայնել ներգրավումն ու հզորացնել ակտիվությունը մեր այն հայրենակիցների, ովքեր կարող են նպաստել այդ նվիրական գործին, հատկապես՝ ինչպես լիարժեքորեն ներգրավել երիտասարդ սերունդը:

Հաշվի առնելով ձեր ներկայությունը Հայաստանում՝ ես անհրաժեշտ գտա ձեզ հրավիրելու այս հանդիպմանը՝ քննարկելու համար նաև այն խնդիրները, որոնց անդրադարձել ենք դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շրջանակներում: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է Համահայկական հռչակագրում արտացոլված Ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի մշակման աշխատանքներին և Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարին:

Բնական է, որ պատրաստ եմ և անհրաժեշտ եմ համարում խոսել նաև Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացների մասին, Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, նոր կառավարության ձևավորման ընթացքի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց մինչ այդ, ցանկանում եմ կատարել շատ հաճելի մի պարտականություն: Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ: Ես հրամանագիր եմ ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում:

Սիրով ուզում եմ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին հանձնել դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը:

Այստեղ ներկաներից երեկվա իմ հրամանագրերով պետական բարձր պարգևների, տարբեր շքանշանների են արժանացել պարոնայք Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Մարգարյանը, Հարութ Սասունյանը, իսկ ավելի վաղ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Սիրելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ պետք է շեշտեմ, որ դա ձեր կողմից կատարվող հսկայական աշխատանքի համեստ գնահատականն է:

Շնորհակալություն:

 

← Վերադառնալ