18
09, 2016

Նախագահը մասնակցել է Հայաստանի մեդալակիր օլիմպիականների պարգևատրման և մեծարման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է: Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ:

Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետև դահլիճում նստածները և, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի:

Ուզում եմ մեկ անգամ ևս բոլորիդ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաև արժանապատիվ ապրել: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին և եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, և մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ: Ապրե՛ք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

← Վերադառնալ