Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկելու հայ-վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ: Ընդգծելով, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլև երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում, Նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել: Երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարևորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով, երկու երկրների կառավարությունների միջև առկա փոխըմբռնումը, ինչպես նաև վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը:
Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքերով, կարևոր են ինչպես Վրաստանի և Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից: Այս համատեքստում Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու ներուժը: