Մամուլի հաղորդագրություններ
Բուլղարիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետևողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատելիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի հաջորդ դեսպանը նույնպես ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման և մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Գեորգի Կարաստամատովին հետագա գործունեության մեջ:
Դեսպան Կարաստամատովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ժամանակաշրջանում իրեն ցուցաբերված աջակցության համար: Նա վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և լավ տպավորություններով՝ մշտապես մնալով Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: