11
07, 2016

Նախագահը Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ ամենատարբեր ոլորտներում առաջընթացին ուղղված երկրի ղեկավարության գործուն քայլերի շնորհիվ Արգենտինան կշարունակի իր նշանակալի դերակատարումն ունենալ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային գործընթացներում: «Համոզված եմ, փոխադարձ վստահության վրա հիմնված մեր միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում կապրեն՝ արձանագրելով երկկողմ գործակցությունն առավել խորացնող և ամրապնդող ձեռքբերումներ»,- ընդգծել է ՀՀ Նախագահը և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ հայ-արգենտինյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև սերտ համագործակցությունն արտացոլվում է նաև միմյանց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ առանձնակի վերաբերմունքով: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Արգենտինայի անկողմնակալ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների ու ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

ՀՀ Նախագահը և Արգենտինայի դեսպանը երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի փոխայցելությունները: Զրուցակիցների համոզմամբ, հայ-արգենտինյան ամուր բարեկամության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Հայաստանը և Արգենտինան միմյանց մայրաքաղաքներում տարածաշրջանային առաջին դեսպանություններն են բացել: Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան միջպետական հարաբերությունների զարգացման հարցում առանձնակի կարևորել է արգենտինահայ համայնքի դերը: «Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն, քան մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակահատվածն է: Հայ ժողովրդի համար պատմական իրողություններով պայմանավորված ծանր ժամանաշրջանում, երբ ժողովրդի մի հատված ապաստան գտավ Արգենտինայում, կարողացավ կարճ ժամանակում դրսևորվել իր դրական կողմերով, մեծ հարգանքի արժանանալ և ինտեգրվել արգենտինյան հասարակությանն ու ներդրում ունենալ երկրի զարգացման գործում»,- նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ դեսպանություն այցելության, շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար:

← Վերադառնալ