Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով.
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը
Մեծարգո՛ նախագահ Դուդա,
Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը:
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է:
Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:
Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Շնորհակալություն: