28
06, 2016

Նախագահը ներկա է գտնվել բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացմանը

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:


Հանրապետության Նախագահը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են շահագործման հանձնվող այս շենքերում տեղադրված Էլեկտրաէներգիայի արդիականացված հաշվիչների աշխատանքը, որոնց ՀՀ Նախագահը ծանոթացել էր ս.թ. ապրիլի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգում՝ ժամանակակից արտոնագրված էլեկտրասարքավորումներ արտադրող ձեռնարկությունների գործարկման առիթով այցի ժամանակ:


Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել թվով 490 շահառու: Ծրագրի թիրախային խմբում ընդգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ ու ստեղծագործողներ, պետական և համայնքային ծառայողներ:


Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված համալիրի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են՝ տուֆի և բազալտի արտաքին երեսպատմամբ, ունեն 14 բնակելի հարկեր, 112 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղեր, ժամանակակից արտաքին լուսավորություն: Շենքերի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է, նորացվել են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվել են կանաչապատ գոտիներ: Բնակիչների կենցաղ-սպասարկումն իրականացնելու նպատակով շենքերի բակում կառուցվել է առևտրի և սպասարկման կենտրոն: Բնակարանների շուրջ 85 տոկոսը շահառուներին հանձնվել է ամբողջությամբ վերանորոգված վիճակում:


Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10.8 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 700 աշխատող:


Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գտնվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պ. Սևակի 4 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վերանորոգված վարչական շենքի բացման արարողությանը:

← Վերադառնալ