Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:
Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով: