19
03, 2016

Նախագահն ընդունել է «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: Ծրագրի կազմակերպիչները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:

Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:

Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և մրցույթի բոլոր մասնակիցներին, կարևորել այդ նախաձեռնությունը և նշել, որ անհրաժեշտ է ծրագրին պարբերական բնույթ հաղորդել: «Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվել է այս մրցույթի կամ բաց դասի շրջանակներում, որովհետև սա պատասխաններից մեկն է հարցին, թե ո՞րն է մեր դպրոցի առաքելությունը: Հարց, որն այստեղ՝ մեր այս հանդիպմանը, բարձրացրեց ուսուցիչներից մեկը Տավուշի մարզից՝ պարոն Ռուբիկ Գիշյանը: Մեր դպրոցի առաքելությունը, իմ խորին համոզմամբ, մեկն է՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդ և քաղաքացի: Այս երկուսը միասնական պետք է լինեն, որովհետև մարդը կարող է գրեթե ոչնչով չհետաքրքրվել իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատել, պահել իր ընտանիքը և սրանով բավարարվել, բայց քաղաքացին պարտավոր է լինել ակտիվ, քաղաքացին պարտավոր է իրեն պատասխանատու զգալ իր պետության զարգացման համար և, անշուշտ, պարտավոր է նաև գիտելիք ունենալ: Խոսքս բարձրագույն կրթության մասին չէ, այլ՝ պարզ գիտելիքների. գիտելիք իր գյուղի, իր մարզի, իր երկրի, իր ժողովրդի պատմության, իր մասնագիտության մասին:

Սիրելի՛ երեխաներ,

Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին: Սա՛ է քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մնալու աշխարհի պահանջը: Սա պայման է՝ անհրաժեշտ պայման: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետև այլ հանգամանքներ էլ են անհրաժեշտ, որովհետև այլ պահանջներ և մոտեցումներ էլ կան: Մենք պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, կարողանանք ժամանակակից ձեռքբերումներին ծանոթ լինել և ինքներս ունենալ մեր վաստակն այդ ձեռքբերումներում: Իսկ որպեսզի լինենք այդպիսին, նորից կրկնեմ՝ մենք պետք է գիտելիք ունենանք, պետք է սովորենք, մշտապես գիրք կարդանք, մեր ուսուցիչների, ծնողների գիտելիքների հնարավորություններն օգտագործենք: Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի մեր երկրին և անհրաժեշտության պահին պետք է պաշտպանի այն: Իսկ պաշտպանել չի նշանակում, որ անպայման պետք է պատերազմ լինի և գնաս պաշտպանելու երկիրդ, այլ նշանակում է նաև, որ դու պետք է կարողանաս արժանապատվորեն ներկայացնել քո երկիրը ուրիշներին, քո ժողովուրդն ավելի ճանաչելի դարձնես: Երկիրը պաշտպանել՝ նշանակում է, որ դու պետք է կարողանաս աշխատել, աշխատել օրնիբուն, որպեսզի քո երկիրը հզորանա»,-ասել է Հանրապետության Նախագահը և չափազանց կարևորել հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ, որոնց համար բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց ամբողջ կյանքում մեծագույն նվիրումով աշխատել են, որպեսզի պետական խորհրդանշանները զարդարեն մեր ժողովրդին, արժանապատվորեն ներկայացնեն մեր պետությունը աշխարհում:

 

 

← Վերադառնալ