17
03, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքում զարգացումների ու դրանց հետևանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլև գործընկեր պետությունների և համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին:

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ Նախագահի օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին և դրա շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին:

Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
 

 

← Վերադառնալ