Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ: ՀՀ Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք կարևորել են խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում:
Նշելով, որ, Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից մեծապես կարևորել է Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի վերաձևավորումը, ինչը, նրա համոզմամբ, երկկողմ խորհրդարանական կապերի զարգացման լուրջ խթան է: Հանրապետության Նախագահը առանձնահատուկ ընդգծել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը միմյանց համար զգայուն հարցերում: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Նիկոս Վուցիսին և ի դեմս նրա` Հունաստանի խորհրդարանին, որը առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախանցյալ տարի օրենք ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: ՀՀ Նախագահը նշել է, որ հունահայ համայնքի և Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իր հետ ունեցած հանդիպմանը խնդրել են այդ կապակցությամբ իրենց անունից շնորհակալություն փոխանցել Հունաստանի խորհրդարանի նախագահին և պատգամավորներին` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ ունեցած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում երկուստեք ընդգծվել է կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը:
Խորհրդարանական կապերի ամրապնդման գործում ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի անձնական ներդրումը և նշել, որ ակնկալում է շարունակական ակտիվ քայլեր՝ ուղղված հայ-հունական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետություն այցի վերջին օրը, մինչ խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ աշխատանքային ճաշը, հանդիպումներ է ունեցել հայկական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից պաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: