15
03, 2016

Կայացել են հայ-կիպրական բարձր մակարդակի բանակցությունները


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:

Կիպրոսի Նախագահը ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները: «Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը: Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաև Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար:

Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:

Իմ ընկերոջ` ՀՀ Նախագահի հետ մենք նաև քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Ավարտելով խոսքս`ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան և կամրպանդվեն մեր եղբայրական հարաբերությունները»,-ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո ԶԼՄ-ների առջև հայտարարել է Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:



***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների առջև` Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ավարտին



Մեծարգո´ պարոն Նախագահ,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հյուրընկալվել հազարամյակների պատմությամբ և համաշխարհային նշանակության մշակութային արժեքներով հարուստ այս եղբայրական հողում: Մեծապես շնորհակալ եմ, մեծարգո´ պարոն Անաստասիադիս, Ձեզ և Կիպրոսի իշխանություններին՝ այս ջերմ ընդունելության համար:

Այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք Նախագահ Անաստասիադիսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր երկրների մոտեցումները, ուրախությամբ եմ այս փաստը արձանագրում, լիովին համընկնում են:

Երկուստեք կարևորեցինք վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը, որոնց շնորհիվ նոր տեմպ հաղորդվեց երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական համագործակցությանը և կրթամշակութային կապերին։ Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ պահպանելու քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և աշխատելու համագործակցության օրակարգն առավել բազմազանեցնելու ուղղությամբ, ինչին միտված են սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը։

Հայ-կիպրական համագործակցության զարգացման համատեքստում առանձնակի կարևորեցինք ռազմական ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը և դրա շարունակական ընդլայնումը։

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսևորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ Նախագահ Անաստասիադիսի և Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24-ին Երևան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ և թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում։

Անշուշտ, համաձայնեցինք, որ առանձակի ուշադրության ու խթանման կարիք ունեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Խոսեցինք այն զարգացումների մասին, որոնք նոր հնարավորություններ են բացում երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Խոսքը Կիպրոսի տնտեսության կայունացման, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ խորացող տնտեսական կապերի, Իրանի ուղղությամբ ի հայտ եկած նոր հնարավորությունների և այլ նպաստավոր զարգացումների մասին է:

Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի Հանրապեության կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը: Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է Կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն: Հուսով եմ՝ խանգարողներ չեն լինի, և Նախագահ Անաստասիադիսի կողմից կարգավորման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը շուտով արդյունքներ կտան:

Կարևորեցի Կիպրոսի Հանրապետության շարունակական ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում։ Շնորհակալ ենք այս հարցում նաև Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորների ուշադրության և աջակցության համար։

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունները խարսխված են երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների՝ հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր ջերմ կապերի, հոգևոր ու մշակութային ընդհանրությունների վրա։ Այս առումով, անշուշտ, շեշտադրեցինք հումանիտար կապերի հետագա զարգացումը՝ մշակութային օրերի անցկացման և մշակութային ձեռնարկներին փոխադարձ մասնակցության միջոցով: Ինձ համար շատ խորհրդանշական է, որ վաղը մասնակցելու եմ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հարակից պարտեզում Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման արարողությանը։

Միմյանց մշակույթները հարստացնելու, ինչպես նաև քաղաքական հարբերությունները զարգացնելու տեսանկյունից, իհարկե, ընդգծեցինք կիպրահայ ծաղկուն և ստեղծագործ համայնքի ներդրումը, որն այդպիսին չէր լինի, եթե չլիներ Կիպրոսի ղեկավարության և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը։

Հպարտ եմ, որ հայ-կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն։ Չէ՞ որ մեզ միավորում են ոչ միայն պատմամշակութային ընդհանրությունները, այլև համամարդկային արժեքների վրա հիմնված ապագա կերտելու տեսլականը։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Կիպրոսը շարունակելու են համատեղ աշխատել հանուն այդ ապագայի։ Առավել ևս, որ ես և իմ ընկեր Նիկոսն արդեն շատ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք, և ինչ էլ անում ենք, անում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար:

Շնորհակալություն։

← Վերադառնալ