Մամուլի հաղորդագրություններ
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ
Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին:
Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել:
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից և չհիմնավորված քայլերից: Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր:
2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երևույթներով: Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի և մետաղների գները շարունակեցին դրսևորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում և հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձևավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ-երկու օրվա ընթացքում թռիչքաձև ճշգրտվեցին՝ հանգեցնելով ներքին ֆինանսական շուկաներում խուճապի: Այս ամենը զուգորդվեց նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումներով և «տնտեսական պատժամիջոցների պատերազմի» շարունակականության դրսևորումներով:
Արտաքին աշխարհի վերոնշյալ զարգացումների պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն՝ ի դեմս ցածր գնաճային միջավայրի և հարաբերականորեն կայուն ազգային արժույթի, ինչպես նաև գրանցել տնտեսական աճ, ակնհայտորեն, դյուրին գործ չէ: Այնուամենայնիվ, 2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0%: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետական հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը: Մենք 8.5% տոկոս աշխատավարձի աճի պայմաններում ունենք 9.7% աճ պետական հատվածի աշխատավարձերի պարագայում: Պետք է փաստել նաև, որ այս զարգացումներն ուղեկցվել են արժութային շուկայում հարաբերական կայունությամբ. դրամի միջինի ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 4.4%-ով: Ընդ որում, կարևոր է նշել այն, որ փոխարժեքի նման վարքագիծը համահունչ է եղել տնտեսական հիմնարարների վարքագծին, և մակրոտնտեսական քաղաքականության պատասխանատուներն իրենց կշռադատված գործողություններով չեն ստեղծել փոխարժեքի արհեստածին մակարդակ և ապագայում կտրուկ ճշգրտման վտանգ:
Սա է ներկա պատկերը: Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ:
Անցած տարի մենք շարունակել ենք բարեփոխումների ակտիվ իրականացման քաղաքականությունը, ինչը չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» արձանագրումով Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:
Հայաստանը նաև առաջընթաց է արձանագրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» ցուցանիշում:
Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ:
Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները:
Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ սեր և համերաշխություն ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր ձեռնարկներին: Վստահ եմ, որ դուք ունակ եք ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու և առաջ տանելու: