Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
«Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձևավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով: Որպեսզի կարողանանք լուրջ և էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը: Ինչու՞ եմ այս խնդրին ուշադրություն դարձնում, որովհետև կասկած չունեմ, որ ձեզ էլ է հայտնի միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետևանքով Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Սյունիքի կոմբինատներում ստեղծված դժվարին իրավիճակը: Իհարկե, մենք շնորհակալ պետք է լինենք սեփականատերերին, այդ կոմբինատներում աշխատող կոլեկտիվներին, որոնք ամեն ինչ անում են, որ գրեթե զրոյական շահույթի պայմաններում պահպանեն ձեռնարկությունների բնականոն աշխատանքը: Եվ այս իրավիճակում մարզի ղեկավարության՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է՝ ցուցաբերել ամենայն աջակցություն այդ ձեռնարկություններին:
Հաջորդ ոլորտը, որը իմ կարծիքով, մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջությունն է: Տաթևն իր վանական համալիրով, ճոպանուղով, մեր հարավի, այսպես կոչված, զարդն է՝ ձգող մագնիսը: Վստահ եմ՝ ձեզ էլ է հայտնի, թե ամեն տարի որքան է ավելանում Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը՝ լինեն նրանք օտարերկրացիներ, թե տեղացիներ. մի քանի տասնյակ անգամ ավելացել է այդ մարդկանց թիվը: Մենք պետք է կարողանանք որոշակի խնդիրներ լուծել: Նախ` պետք է կարողանանք կապել Վայոց ձորի և Սյունիքի զբոսաշրջային երթուղիները: Սա մի ամբողջական շղթա պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերն իրար շարունակություն են կազմում, և զբոսաշրջիկների համար շատ հարմար է ամեն անգամ չվերադառնալ Երևան, այլ շարունակել ճանապարհը: Երկրորդ՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային հուշարձանները գտնվեն բարեկարգ վիճակում: Ամենակարևորը՝ այնտեղ սեփական նախաձեռնություններով, առանց նախագծերի ինչ-որ կառույցների կամ անհարկի միջամտության դեպքեր չլինեն, բացառվեն: Անթույլատրելի է փչացնել բնությունը և հատկապես այն բնությունը, որ շրջապատում է այդ պատմամշակութային հուշարձանները: Շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցին:
Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ, Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ, և այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում: Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաև զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու:
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրիի նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, և մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու: Ժամանակակից առողջապահական հաստատությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաև մասնագետների խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի ետ վերադառնան:
Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ Գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:
Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաև Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ ևս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգևատրումներ եմ կատարում Նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխաներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաև ուսուցչական որակյալ և երիտասարդ կադրերով»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին և Սյունիքի մարզպետին hանձնարարել է գրեթե զրոյական շահութաբերության պայմաններում աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին աջակցության նպատակով մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ խնդիրների համատեղ հաղթահարման աշխատակարգ որդեգրել՝ միտված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման հարցում պետության աջակցությանն ու անմիջականորեն տեղային կարգավորման ենթակա հարցերում առավել օժանդակություն ցուցաբերելուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Սյունիքի մարզի առանձին տարածաշրջաններում պտուղ-բանջարեղենի և անասնաբուծական մթերքի վերամշակման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտահանման շղթայի կատարելագործման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզում ժամանակակից սպանդանոցների, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կառուցման և գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
Մարզի զբոսաշրջության ներուժի բազմակողմանի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Սյունիքի մարզի հիմնական զբոսաշրջային հանգույց հանդիսացող Գորիս և Մեղրի համայնքները և մարզի մշակութային ժառանգության առանձին արժեքները՝ նախատեսելով անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների (այդ թվում՝ հյուրատների, արհեստագործական արտադրամասերի, օրգանական սնունդ և ըմպելիք արտադրող գործող և սկսնակ ՓՄՁ-ների խրախուսում, կառավարման ոլորտի հմուտ աշխատուժի պատրաստում) զարգացման աշխատանքներ՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի ծավալուն արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման հստակ միջոցառումներ ձեռնարկելով:
ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Քաջարան-Ագարակ հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մարզի զբոսաշրջային հանգույցների և մշակութային ժառանգության օբյեկտների հարևանությամբ գտնվող տարածքների քաղաքաշինական զարգացման կանոնակարգման ուղղությամբ:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին: