30
11, 2015

Նախագահը ելույթ է ունեցել Փարիզում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը և համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում` բարբարոսությունից ուժեղ են:

Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի` կլիմայի կործանարար փոփոխության վերաբերյալ քննարկումների արդյունքում առանց հապաղելու բեկումնային որոշման կայացում: Բանախոսները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որպեսզի երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա:

ՀՀ Նախագահը համաժողովում ունեցած իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին` կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը գերազանց կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ չնայած մի քանի օր առաջ Ֆրանսիային և ողջ քաղաքակիրթ մարդկությանը պատուհասած ահաբեկչական գործողություններին:

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր համարելով` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից և զարգացման աստիճանից: Չնայած Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, ըստ Նախագահ Սարգսյանի, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:

«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության կողմից հաստատված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

Առաջին. ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը:

Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը:

Երրորդ. ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները:

Եվ վերջապես՝ չորրորդ. անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի:

Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն»,-ասել է Հանրապետության Նախագահը: Ամփոփելով ելույթը՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ քաղաքակրթության նորմեր: Նախագահի համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի առջև ծառացած մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար` լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված: ՀՀ Նախագահը անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:
 

← Վերադառնալ