19
11, 2015

Նախագահն ընդունել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Սթավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերիրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի սահմանած կրթաթոշակների միջոցով  Ֆլեթչեր դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո, ավելի քան 250 շրջանավարտ վերադարձել է Հայաստան՝ ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։

«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է Ֆլեթչեր դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։

Հանրապետության Նախագահին հյուրընկալված ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական և տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի և պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները: Ծառայության ընթացքում նա պարգևատրվել է ԱՄՆ ավելի քան 50 և միջազգային տարբեր մեդալներով ու պատվոգրերով:

ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանի զարգացումներին:
 

← Վերադառնալ