30
10, 2015

Թբիլիսիում կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի,

Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները:

Վերադառնալով միջպետական օրակարգին, պետք է գոհունակությամբ փաստեմ, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ: Մեր երկրների միջև ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարևորում եմ նաև այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում:

Պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաև այն ռազմավարական բնույթի նախագծերը, որոնց երկուստեք ձեռնամուխ ենք եղել: Կցանկանայի կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն և մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար:

Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն Նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով:

Անշուշտ, պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է հայ-վրացական եղբայրության գերակայության գիտակցմամբ, ինչպես նաև երկարաժամկետ մտածելու կարողությամբ: Ավելին, մեր ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Ամփոփելով խոսքս` թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս հյուրընկալ հողում իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ