08
10, 2015

Նախագահը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:

Նախագահն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման և տարածքի բարեկարգման նախագծերին:

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
 

← Վերադառնալ