Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ Նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար:
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:
Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ և թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ:
Շնորհակալություն: