Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու օծման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից:
Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ:
Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:
****
ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռոնաիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Գ.Տ. Ներսես արք. Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արք. Կարաքեհեէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ: Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը:
Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում Սրբոց Նահատակաց անվանումը:
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման հիմնական աջակիցներն են՝ Սուրբ Աթոռը, Արևելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար: