16
09, 2015

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են եղել, այդուհանդերձ, այս խորհրդակցությանն ակնկալում է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների:

«Պատճառը շատ պարզ է: Նկատել եմ, որ այն խնդիրները, որոնք լուծումներ են ստանում, զարգացման այն միտումները, որ կան մարզում և, առավել ևս, այն խնդիրները, որոնց լուծումներն ուշանում են, շատ դեպքերում հասանելի և հասկանալի չեն մեր քաղաքացիների համար, այն մարդկանց համար, ովքեր այդ լուծումների առաջին շահառուներն են: Ուստի, ցանկանում եմ, որպեսզի այս քննարկումներն առանց ինձ շարունակվեն մարզում, հատկապես՝ խոշոր համայնքներում, որպեսզի մարդկանց համար այս խնդիրները տեսանելի և հասանելի լինեն: Ես կարծում եմ, որ խորհրդակցության առիթը լավ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի այս պատրաստի նյութերով մոտակա ժամանակներս մարզում քննարկումներ անցկացնեք: Բացի այդ, կցանկանայի, որպեսզի որոշակի տեղեկություններ տայիք մարզի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց լուծումները համարում եք առաջնահերթ: Ինձ առավել հետաքրքրում է նաև մարզում առկա ազատ աշխատուժի որակավորման կամ հնարավոր վերաորակավորման խնդիրների վիճակը: Հետաքրքիր է նաև, թե ձեր կարծիքով, որո՞նք են մարզի ներդրումային հնարավորությունները, բացի հայտնիներից, որ կան, և ինչպիսի՞ ներդրումային առավելություններ ունի մարզը, որովհետև, ցանկալի կլինի, որպեսզի ներդրողների հետ լուրջ աշխատանք տարվի նաև մարզային մակարդակով: Իհարկե, ինձ համար առավել հետաքրքիր է արդեն կոնկրետ գործերով այն հանձնարարականների կատարման ընթացքը, որ ստացել եք: Նկատի ունեմ Բերդի տարածաշրջանում տեքստիլ ձեռնարկության գործունեությունը և այն օժանդակությունը, որ հիմա ստանում է այդ ձեռնարկությունը: Կա՞ արդյոք դեռևս չլուծված խնդիր: Կուզեի տեղեկություններ ստանալ Դիլիջանի զարգացման ծրագրերի մասին. ուզում եմ տեսնել, այն հանձնարարականները, որոնք ստացել եք, արդյո՞ք կատարվել են, թե՞ ոչ, խորհուրդ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդն ինչպե՞ս է աշխատում, և եթե չի ստեղծվել, ապա ինչո՞ւ չի ստեղծվել: Իհարկե, նաև վերջին հանձնարարությունը՝ կապված սահմանամերձ բնակավայրերի այն մարդկանց կրած վնասների հաշվառման հետ, ովքեր տուժել են այս վերջին իրադարձություններից»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար, նշել է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականցրել Տավուշի մարզում, կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին. «Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք Ձեր հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։ Արտոնություններն ստանալուց հետո, ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ այդ համայնքներում»,-ասել է Տավուշի մարզպետը։ Խորհրդակցության ժամանակ նա զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հիմնախնդիրները և գերակայությունները՝ հանգամանորեն ներկայացնելով ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծման հնարավորությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Տավուշի մարզպետին հանձնարարվել է՝

Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ, ուսումնասիրել անհրաժեշտ ոռոգման համակարգերի կառուցման ծավալները՝ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

 Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար խոշոր համայնքներում կոշտ կենցաղային ու արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդրի լուծման նպատակով ՏԿԱԻՆ հետ համատեղ աշխատանքներ իրականացնել Դիլիջան և Իջևան քաղաքային բնակավայրերի աղբավայրերի կառավարման պլանների մշակման, միջհամայնքային աղբավայրերի նախագծման, դրանց շահագործման համար տեխնիկա-կան միջոցների տրամադրման և աղբահանության աշխատանքների բարելավման ուղղություններով:

Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավման և Դիլիջանի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական ու համահունչ սկզբունքների կիրառման նպատակով շուտափույթ կերպով ձևավորել համապատասխան օրենքով նախատեսված՝ Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը (հասարակական հիմունքներով մշտապես գործող)՝ ապահովելով Տավուշի մարզպետի լիազոր ներկայացուցչի լիարժեք մասնակցությունն այդ խորհրդի աշխատանքներին:

2015թ. սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով հնարավորինս արագ (առավելագույնը 10 օրվա ընթացքում) ամփոփել 2015թ. սեպտեմբերի 1-6-ը ընկած ժամանակահատվածում հրետակոծությունից տուժած 13 համայնքների վնասների գնահատումը` ֆինանսական օժանդակության վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության և ՏԿԱԻ նախարարությունների հետ համատեղ համալիր ուսումնասիրություն իրականացնել սահմանամերձ գնդակոծվող համայնքներում և համապատասխան առաջարկություններ մշակել կրթական հաստատությունների ու հասարակական շինությունների անվտանգության շարունակական բարելավման (այդ թվում՝ վերակառուցման կամ նորի կառուցման միջոցով), ինչպես նաև բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականների վերաբերյալ ամփոփումները ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Մարզպետին հանձնարարվել է նաև սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ուսումնասիրել մարզային զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով՝ նաև աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահի աշխատակազմ:

Սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններից օգտվող իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խրախուսման և խոցելի համայնքների կլաստերների ձևավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է՝ Բերդ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ փոփոխություն նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում:

Մարզի կրթական, մարզա-մշակութային և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ սահմանելով մշտական հսկողություն:

 

 

 

← Վերադառնալ