Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը:
Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնին` հրավերի և հյուրընկալ Դուշանբեում ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել 2015թ. Կազմակերպությունում Տաջիկստանի ակտիվ նախագահությունն ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման գործում ունեցած էական ներդրումը, ապա ներկայացրել ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփել են նստաշրջանի արդյունքները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով
Բարև ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Մենք հենց նոր ավարտեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որի ընթացքում քննարկեցինք դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը և նախանշեցինք գալիք տարվա ծրագրերը: Հայաստանը Տաջիկստանի Հանրապետությունից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Ռահմոնին՝ Կազմակերպությունում արդյունավետ նախագահության համար:
Նիստի արդյունքներով ընդունվել է Հայտարարություն, որում ամրագրված են ՀԱՊԿ ձևաչափով մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների գնահատականները:
Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ:
Այս տարվա մայիսին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ անցկացվեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում: Միջոցառմանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի ամբողջ համակազմը՝ ավելի քան 2.5 հազար զինծառայող, անդամ պետությունների օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը: Արագ արձագանքման հավաքական ուժերը ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին և պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան:
Նստաշրջանի արդյունքներով որոշում է ընդունվել ՀԱՊԿ հավաքական օդային ուժերի՝ Կազմակերպության ուժային բաղկացուցչի կարևորագույն տարրի վերաբերյալ: Համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին: Որոշում է կայացվել երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի ղեկավարի վերաբերյալ, Կազմակերպության գործունեության այլ կազմակերպչական և վարչարարական-ֆինանսական հարցերով, հաստատվել է գալիք տարվա բյուջեն:
Ես ներկայացրել եմ առաջիկա տարում Հայաստանի նախագահության առաջնայնությունները, մասնավորապես՝
- ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:
- ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:
- ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:
- ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:
Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը:
Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ծանրակշիռ ներդրում կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Շնորհակալություն ուշադրության համար: