11
09, 2015

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

«Կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաև` թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները և այս խնդրում հստակություն կմտցնեն: Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ: Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, և այդպես էլ եղավ: Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցումները, իսկ դա վկայում է այն մասին, որ եթե ոչ 70 տոկոսով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Բայց այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք՝ մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարևորն է, և պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված: Առաջինը՝ եթե վարորդը պետք է բարկանա, ապա պետք է ասի՝ ես եմ սխալվել, հասկանա, որ դա արվում է, առաջին հերթին հենց իր և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի, հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում: Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելն այդ հոծ գծերը տրորելը այդքան շատ մեծ խախտու՞մ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մասնագետների հետ պետք է խորհրդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն: Սա շատ կարևոր խնդիր է: Եվ երկրորդ խնդիրը. ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները: Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում: Ի՞նչն է պատճառը, կամ երկրում ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները, կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները: Ի՞նչ է՝ մենք այդքան օպերատիվ աշխատողնե՞ր ունենք, և ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայո՞վ շարժվի: Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞: Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է: Այս խնդիրներն ուսումնասիրելու համար ես ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էի ամբողջական ուսումնասիրություն անցկացնել և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները: Հիմա մենք կլսենք պարոն Հովսեփյանի ղեկավարած ստորաբաժանման ուսումնասիրությունների արդյունքները: Վերջում, անշուշտ, կլինեն հանձնարարականներ, կլինեն միջոցառումներ, որոնք մենք կարճ ժամանակում պետք է իրականացնենք, որպեսզի գոնե այս փուլում հասնենք միջանկյալ արդյունքների, և բոլորը տեսնեն մեր նպատակի արդարությունը և ոչ թե առաջին պլան մղեն միջոցը, այսինքն` տուգանքը»,- խորհրդակցության բացման խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:


ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները, նաև՝ ընտրանքային հետազոտությունների հիման վրա քննարկվող ոլորտում արդիական խնդիրների ուղղություններն ու դրանց շտկման ուղիները: «Հայտնի է, որ ոչ էական խախտումների արձանագրումը և տուգանումը, ինչպես նաև տուգանքների բողոքարկման կարգից բխող անհարմարությունները, տեխնիկական խնդիրների պատճառով կրկնակի տուգանումները վարորդների շրջանում շատ քննարկվող և մեծ խնդիրներ են առաջացրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը հաստատվում է նաև մեր ուսումնասիրությունների արդյունքներով: Ի հավելումն դրանց, իմ զեկույցի ընթացքում կներկայացնեմ նաև առաջարկներ և հիմնավորումներ՝ խախտումների արձանագրման և մշակման գործընթացի, մասնավորապես՝ արտասահմանյան համարանիշներով մեքենաների կողմից կատարված բազմաթիվ խախտումների, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի կատարելագործման, հատուկ տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումների, տուգանքների բռնագանձման ողջ շղթայում նկատված խնդիրների լուծման, ինչպես նաև առանձին, այսպես ասած, ճարպիկ վարորդների կողմից վերջերս սկսված «հնարամտությունների» արդյունքում ճանապարհային ոստիկանության կանոնների խախտման առանձնահատկություններին, դրանց եզրակացություններ տալ, տվյալներ և առաջարկներ ներկայացնել»,- զեկույցի սկզբում ասել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Ներկայացված ուսումնասիրությունների արդյունքներով խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի /ծանուցման, վճարման, գանձման/ առանձնահատկություններ:

Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:

Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

Ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման /գանձման/ դեպքերը բացառելու համակարգ:

ՀՀ ոստիկանությանը և Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:

ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը և ապահովել դրա իրականացումը:


 

← Վերադառնալ