03
09, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է պարոն Լը Ռուին և պատվիրակության մեջ գտնվող մի շարք խորհրդարանականների Երևանում մեկ տարի առաջ կայացած հանդիպումից հետո կրկին հյուրընկալել, ուրախ է նաև պատվիրակության կազմում տեսնել առաջին անգամ Հայաստան այցելած պատգամավորների:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրանց համոզմամբ, ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական բարեկամությունն ու լավ հնարավորություն են՝ տեղում անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: «Ֆրանսիայի պարագայում այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և նաև Լեռնային Ղարաբաղ: Ընդհանրապես, վերջին տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները նոր որակ են ստացել՝ նշանավորվելով երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր ոլորտներում»,-գոհունակությամբ նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևորագույն բաղկացուցիչ է միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում իրենց նշանակալի ավանդն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Պատգամավոր Բրյունո լը Ռուն Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները: Նա ևս գոհունակությամբ է նշել, որ տարբեր մակարդակներում հաճախակի դարձած երկկողմ հանդիպումները մշտապես աչքի են ընկել արդյունավետությամբ՝ հանդիպումից հանդիպում նախանշելով համագործակցության նոր եզրեր:

Ֆրանսիացի պատգամավորները կարևորել են նաև այցելությունը Լեռնային Ղարաբաղ և շեշտել, որ լինելով խորհրդարանականներ, իրենց առաքելությունն ու անմիջական պարտականությունն են համարում տեղում ծանոթանալ իրավիճակին, շփվել մարդկանց հետ և այդ ամենի արդյունքում ձևավորված իրենց պատկերացումները, տեսածն ու լսածը փոխանցել նաև գործընկերներին: Ըստ նրանց, Ֆրանսիան շահագրգռված է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի լուծման համար շարունակվեն երկխոսությունն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացը, և իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ ևս այդ նպատակին են ծառայում:

Հանդիպման ժամանակ հյուրերը ՀՀ Նախագահին խնդրել են հակիրճ ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու այդ բարեփոխումների նպատակը: Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ, իր համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին:

← Վերադառնալ