Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաջողությունների հասած դպրոցականներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրանց՝ խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ Նախագահի, կարելի է անչափ հպարտանալ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքների մասին. «Անկեղծորեն խոստովանում եմ ձեզ, որ եթե առարկայական օլիմպիադաներում մենք նույնիսկ մեդալներ չշահեինք, մենք էլի պետք է բավարարված լինեինք, որ մեր աշակերտները մասնակցում են այդ օլիմպիադաներին, բայց արդյունքները, իրոք, փառահեղ են. մեր աշակերտներն այդ օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե: Ես չեմ ուզում համեմատել մեր հեռու, մոտիկ հարևանների ցուցանիշները մեր երեխաների ցուցանիշների հետ: Ես դա անում էի նախկինում, բայց հիմա հաստատապես համոզվել եմ, որ մենք որևէ մեկին չենք զիջում, ավելի ճիշտ, եթե զիջում ենք՝ զիջում ենք միայն թվաքանակի առումով, իսկ գիտելիքի, ուսումնառության, աշխատասիրության բնագավառում, բացարձակապես չենք զիջում և չենք էլ զիջելու: Իհարկե, շատ ուրախալի է, որ այս արդյունքները կայուն են, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատահականության արդյունք են: Հայաստանի Հանրապետության աշակերտները առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993թ-ից, և գրեթե ամեն տարի մենք առաջընթաց ենք ունեցել: Բայց վերջին չորս տարիների արդյունքները, իրոք, գալիս են հաստատելու, որ այստեղ միանշանակ կայունություն գոյություն ունի, և որ այդ արդյունքները պատահականություն չեն, այլ դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումների ու նաև, անշուշտ, մեր ուսուցիչների, մեր ծնողների աշխատանքի բարելավման արդյունք են: Այստեղ կասկած լինել չի կարող:
Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին:
Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այստեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են:
Սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, դուք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:
Չգիտեմ, որքանով եք տեղյակ, բայց հաստատապես ասեմ, որ մենք մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացնում ենք հայկական բանակին՝ մեր պաշտպանությանն ու կրթությանը: Բացի դրանից, դուք գիտեք, որ գործում է և հաջողությամբ է գործում «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողներին և, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Խորին շնորհակալություն ձեզ, սիրելի՛ երեխաներ, մեզ այսպիսի ուրախություն պարգևելու համար: Խորին շնորհակալություն մեր ուսուցիչներին, ձեր ծնողներին, ովքեր կարողացել են ձեզ գիտելիք տալ և շատ ճիշտ դաստիարակություն: Ուզում եմ մի փոքր գաղտնիք բացել՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ու նաև հաջողության հասած, այսինքն` շատ հայտնի մարդկանց հետ զրուցելիս հաճախ անհրաժեշտ է լինում շատ կարճ ներկայացնել մեր ժողովրդին, մեր երկիրը, և այդ կարճ ներկայացումը պետք է լինի այնպիսին, որպեսզի զրուցակցիդ մոտ այդ պատկերը տպավորվի ու միշտ մնա: Եվ հավատացեք՝ ես առաջին հերթին միշտ օրինակ եմ բերում մեր աշակերտների հաջողությունները առարկայական օլիմպիադաներում: Խոսում եմ նույն հպարտությամբ, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայկական բանակի մասին, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայ շախմատիստների ձեռքբերումների մասին: Ես ակնկալում եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ դուք կվերադառնաք այս դահլիճ արդեն որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, կվերադառնաք այս դահլիճ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար սահմանած մրցանակների ասպետներ:
Հորդորում եմ ձեզ՝ եղե՛ք լավատես: Ես համոզված եմ, որ դուք վերադառնալու եք այս դահլիճ, համոզված եմ, որ դուք ձեր այս թերևս առաջին լուրջ հաջողությունները զարգացնելու եք: Դրա համար կան բոլոր պայմանները: Գիտելիքը բարիք է, և այդ բարիքը պետք է օգտագործվի բարի գործերի համար: Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել: Չարությամբ ձեռք բերված նույնիսկ հաղթանակները շատ կարճ կյանք ունեն: Գիտելիքը շատ կարևոր նախապայման է լավ ու բարի մարդ, լավ քաղաքացի դառնալու համար: Ուզում եմ, որ դուք կյանքում լինեք հաստատակամ և լավատես, որովհետև առանց հաստատակամության, առանց լավատեսության, ուղղակի անհնար է հաջողության հասնել: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով: Հպարտանում ենք, որովհետև հաջողությունները, որոնց դուք հասնում եք, խոսում են այն մասին, որ բոլոր ձեռքբերումների աղբյուրն աշխատանքն է, ուսումնառությունը և գիտելիքի նկատմամբ ծարավը: Եվ մեր ուժը հե՛նց դրանում է: Մեր ուժը բնության բարեհաճության արդյունքում օգտակար հանածոներ ունենալու մեջ չէ: Մեր ուժը կայանում է ձեզ նման երիտասարդների ու երեխաների մեջ:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: