Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխարենկոյին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում միջպետական հարաբերությունների և երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում դեսպանության աշխատանքի ու նաև նրա անձնական ներդրման համար:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ստեփան Սուխարենկոյին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ Բելառուսի հաջորդ դեսպանը նույնպիսի ակտիվությամբ կշարունակի աշխատել և ջանքեր ներդնել հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Բելառուսի համար փոխգործակցության նոր և ավելի լայն հնարավորություններ կան:
Դեսպան Սուխարենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ պետական բոլոր մարմիններին՝ իր գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության, դեսպանության աշխատանքին մշտական աջակցության և փոխըմբռնման համար: Նա նշել է, թե մեր երկրից հեռանում է ջերմ հիշողություններով և այսուհետ էլ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը: