Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:
Համաժողովը հրավիրվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու աջակցությամբ և անցկացվում է Լոնդոնի hաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից: Մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, հեռուստատեսային և ռադիո ընկերությունների, կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Նախագահին ներկայացնելով համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը և նպատակները՝ հյուրերը նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ ծառայությունների արագ զարգացման պայմաններում ակնհայտ է դառնում միջազգային մակարդակով փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջազգային ինստիտուտի նախագահ Ֆաբիո Կոլոսանտին գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ առաջին օրվա քննարկումներից դրական տպավորություններ ունի, և սեմինարից մասնակիցների ակնկալիքներն արդարանում են: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական շրջանակների միջև նման օգտակար հանդիպումները կդառնան պարբերական:
Նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և Երևանում անցկացվող միջոցառումը՝ կարևորելով համաժողովի հիմքում դրված նպատակներն ու քննարկվող օրակարգային հարցերը, համաժողովի աշխատանքին մաղթել հաջողություններ: