17
06, 2015

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են ս.թ. օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքների ընթացքը և մինչև խաղերի բացումն իրականացվելիք աշխատանքները:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) Իշխան Զաքարյանը զեկուցել է, որ խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 13-ին, Թատերական հրապարակում: «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո խաղերը անցկացվելու են Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Համահայկական խաղերին, ըստ կանոնադրության, մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը:

Կազմկոմիտեի նախագահը ներկայացրել է խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը, այդ մարզաձևերից յուրաքանչյուրի մասով մինչ այժմ ստացված հայտերը, նաև հայտ ներկայացրած քաղաքների և մասնակիցների թիվը, որոնք կամփոփվեն հայտերի ընդունման վերջնաժամկետից՝ ս.թ. հուլիսի 15-ից հետո: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են նաև Համահայկական խաղերի տարեգրությունը՝ սկսած 1999 թվականից, մարզակառույցների վիճակը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների մասով ծրագրված աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ՝ շեշտելով, որ Համահայկական 6-րդ խաղերն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և պահանջում են բոլոր պետական մարմիններից ու միջոցառման պատասխանատուներից առավելագույն ջանքեր՝ այն պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
 

← Վերադառնալ