21
05, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշի հետ

 ԵՄ «Արևելյան գործընկերության» և Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ:

Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը Լատվիայի Նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ:

Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

← Վերադառնալ