25
04, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խմբի և եվրոպական արժեքներն առաջ մղող ուժի գործունեությունը՝ ուղղված մարդասիրության և ժողովրդավարության բարձրագույն արժեքների սատարմանն ու տարածմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է ս.թ. ապրիլի 15-ին ԵԺԿ-ի և անձամբ պարոն Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում: Նախագահը երախտագիտությամբ է նշել նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից ս.թ. մարտի 3-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, որով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին ու սկզբունքներին իր հավատարմությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեկ ամիս առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը և քաջալերեց նրանց ու ԵՄ կառույցներին՝ նպաստելու այդ հանցագործության ճանաչմանը: Այս բոլոր քայլերը և այն երկրների արձագանքները, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխանություն են կազմում, Նախագահի խոսքով, իրենց գնահատելի ներդրումն ունեցան և մեծ ազդակ հաղորդեցին անցյալ դարասկզբին իրականացված հանցագործության ճանաչման ու դատապարտման գործին:

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևան այցելելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակցության հրավերի համար: Նա ընդգծել է, որ իր համար ապրիլի 24-ի հիշատակի արարողությունը չափազանց հուզիչ էր: ԵԺԿ նախագահը նշել է, թե երեկ նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում և այժմ ցանկանում է նույնը կրկնել՝ իր համար անչափ կարևոր է հիշողությունը, բայց նույնքան կարևոր է հաջորդ քայլը՝ հաշտեցումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարին, ինչպես նաև առաջիկայում Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպական ժողովրդական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև ձևավորված սերտ համագործակցության մասին:
 

← Վերադառնալ