10
04, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատկերում իր ուրույն տեղն ունի նաև հայկական մշակույթը, ինչը, ըստ նրա, պատահական չէ, քանի որ հայ և իտալացի ժողովուրդները պատմական կապերի ու համագործակցության հարուստ անցյալ ունեն: Նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում նախորդ այցը Իտալիա, երբ առիթ է ունեցել Հռոմին նվիրել հին հայկական խաչքար՝ ի նշան հայ-իտալական հավերժական բարեկամության:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երևանն ու Հռոմը համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջև կապերն առավել զարգացնելու և խորացնելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գործում Հռոմի քաղաքապետն իր անձնական ներդրումը կբերի: Քաղաքապետ Ինյացիո Մարինոյին Հանրապետության Նախագահը  հրավիրել է այցելել Երևան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առանցքում կարևոր դերակատարություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, որը տարեցտարի ընդլայնվում է: Հաշվի առնելով աշխարհում ապակենտրոնացված համագործակցության և հանրային դիվանագիտության դերի բարձրացման միտումները՝ զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև շփումների ակտիվացումը նոր որակ կհաղորդի երկկողմ կապերին:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որ ինչպես աշխարհի շատ անկյուններում, Հռոմում ևս անց են կացվում և մինչև տարեվերջ տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազում միջոցառումներ։ Նախագահը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նախագահի խոսքով, Իտալիայի ավելի քան 60 նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանը դիտարկում է թե՛ որպես հավատարմություն համամարդկային արժեքներին և թե՛ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսևորում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը պատահական չի համարել նաև այն փաստը, որ «հավերժական քաղաքում» տեղադրված է Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Հռոմի քաղաքապետն անդրադարձել են նաև Հայաստանի և Իտալիայի միջև հումանիտար կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ հարուստ մշակութային պատմություն ունեն, և օրինաչափ է, որ այս բնագավառը հայ-իտալական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչն է։

Անդրադարձ է եղել նաև Իտալիայի հայ համայնքի գործունեությանը: ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իտալիայի իշխանությունների և իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա՝ գիտության, արվեստի, սպորտի, գործարարության ոլորտներում` իրենց համեստ ներդրումն ունենալով նաև Իտալիայի բարգավաճման գործում:

Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ դիտել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի 3000-ամյա պատմությունն ու Իտալիայում հայերի ներկայությունը փաստող մի շարք նյութեր։ Այս ցուցահանդեսով մեկնարկել են Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որտեղ հատուկ բաժնով ներկայացված են նաև այդ ոճրագործության վկայությունները։

Այսօր ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել նաև իտալական “Corriere della sera” օրաթերթին` պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների, հայ-իտալական և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ հարցերի:
 

← Վերադառնալ