Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում:
Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաև 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահը Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանն այցի ավարտին ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների: