24
02, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաև Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի և արաբական մի շարք երկրների միջև ներկայիս արդյունավետ ու բազմաբովանդակ փոխգործակցությունը հիմնված է հայ և արաբ ժողովուրդների դարերից եկող անկեղծ բարեկամության վրա, Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ այդ ամուր հիմքի վրա փոխշահավետ բոլոր ոլորտներում հաջողությամբ կարող են զարգանալ հայ-կատարական հարաբերությունները:

Դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` երկկողմ հարաբերությունները զարգացնելու և իր համոզմամբ, համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:
 

← Վերադառնալ