Մամուլի հաղորդագրություններ
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ալ Կասեմին պաշտոնավարման ընթացքում իր անձնական փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը: Ընդգծելով, որ հայ-արաբական հարաբերությունները պայմանավորված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր այդ հիմքի վրա Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների շարքում: Հանրապետության Նախագահի խոսքով, հայ-էմիրաթական հարաբերություններն այդ փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Դեսպան Ալ Կասեմին վստահեցրել է, որ իր երկրում ևս Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ընդգծված ջերմ ու հարգալից վերաբերմունք կա: Նա իր համար մեծագույն պատիվ է համարել լինել Հայաստանում Էմիրությունների առաջին ռեզիդենտ դեսպանը և ընդգծել, որ աշխատանքն սկսում է երկու երկրների համար փոխշահավետ բոլոր ոլորտներում մոտ ապագայում հստակ հաջողություններ արձանագրելու վստահությամբ:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, ներդրումների ներգրավման և այդ նպատակով հեռանկարային մի շարք բնագավառներում՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, առողջապահություն, զբոսաշրջություն, ավիացիա, ոսկերչություն և ադամանդագործություն, բանկային համակարգ, ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն, որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էմիրաթական փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսված միջոցառումներին: