Մամուլի հաղորդագրություններ
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի վստահելի բարեկամներից է, և դրա մասին են վկայում ինչպես երկու ժողովուրդների պատմական առնչությունները, այնպես էլ Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորված բարձր մակարդակի հայ-շվեդական հարաբերությունները: «Մեր ցանկությունն է ամրապնդել միջպետական հարաբերությունները բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում, զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան բազմապատկելու, առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա իրավիճակին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցման պահպանումը:
Նախագահը բարձր է գնահատել նաև 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և դեսպան Քուիկի հետ խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում կայանալիք միջոցառումների մասին:
Սերժ Սարգսյանն ու դեսպան Քուիկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: