Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, և երկուստեք առկա է ձևավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու ցանկություն:
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության և մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես Դաշինքի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու և գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարևորվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ. նորացված ծրագիրը:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: