23
12, 2014

Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:

Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Արդյունքներն ամփոփվել են նաև նիստի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Այսօր երեկոյան Մոսկվայում ՀՀ Նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ: Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում բարեկամական ընթրիքի է հրավիրել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիրի Պուտինին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
 

← Վերադառնալ