Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչներն այսօր Երևանում անցկացնում են իրենց հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստերը:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև հերթական նիստերը Երևանում անցկացնելու նրանց որոշումը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաև «Արմենպրես» պետական գործակալության և Սևծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները: Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, Նախագահը դա համարել է մի կողմից մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նաև մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հենասյուներն են, և ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսևորման համար: Նախագահի խոսքով, այդ ուղղությամբ Հայաստանում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչն արձանագրում են նաև միջազգային հեղինակավոր կառույցները:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրատվական գործակալությունների ղեկավարներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի տնտեսությանը, ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին, առանձին երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին և այլն:
***
Լրացուցիչ տեղեկություններ
Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ)միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսները արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի կարևորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ու իրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար:
Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա),ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (ՆՀՀ Մակեդոնիա):
ԱՊՀ Ինֆորմ խորհուրդը ստեղծվել Է 1996թ.` ի կատարումն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների կողմից 1995թ. նոյեմբերի 3-ին ստորագրած «ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի: Խորհուրդը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 1996թ.,կոչված է նպաստելու ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների ներուժի ակտիվացմանը,տեղեկատվության փոխանակման մակարդակի եւ արդյունավետության բարձրացմանը, ԱՊՀ անդամ երկրների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների տարածմանը, համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի տեղեկատվական աջակցությանը: Խորհրդի կազմում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի,Տաջիկստանի պետական լրատվական գործակալությունների ղեկավարները: