31
10, 2014

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը:

Նախագահը շնորհավորել է Ալեքս Վան Մեուվենին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը դեսպանին շնորհավորել է նաև Բելգիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անելու է ամեն հնարավորը՝ Բելգիայի միջազգային հեղինակությունն ավելի ամրապնդելու և երկիրն առավել բարեկեցիկ դարձնելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-բելգիական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ