Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամմանի քաղաքապետարան
Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում: Ողջունելով Հայաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների: Քաղաքապետ Բիլթաջին դրվատանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ոլորտներում շատ հմուտ և որակյալ մասնագետներ են, գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ… Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից բացի, ներկա են նաև Ամմանի հարգված և պատվարժան հայ գործիչներ: «Սա՛ է Հորդանանը, որ գրկաբաց ընդունում է իր քույրերին ու եղբայրներին, գաղթի ճանապարհը բռնած և աջակցության կարիք ունեցող մարդկանց, սիրով հոգում նրանց ընտանիքների կեցության և անվտանգության խնդիրները», - ասել է Ամմանի քաղաքապետը և ընդգծել, որ իսլամը չի ընդունում ատելություն, արյունահեղություն, հակակրանք, իսլամի առաքելությունը սիրո, գթասրտության և խաղաղության մեջ է:
Ակել Բիլթաջին մեծ պատիվ է համարել քաղաքապետարանում բարեկամ Հայաստանի Նախագահին հյուրընկալելը և երեքուկես միլիոն ամմանցիների անունից Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Ամման քաղաքի բանալին, որը, նրա խոսքով, խորհրդանշում է արդեն քույր քաղաքներ դարձած Ամմանի և Երևանի հավերժ բարեկամությունը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Բիլթաջիին՝ ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ խոսել իր պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-հորդանանյան բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ ի դեմս Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի՝ հանդիպել է քաղաքական շատ լայն տեսադաշտ ունեցող ղեկավարի և անկեղծորեն ուրախ է, ուրախ է նաև Հայաստանի ու Հորդանանի՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամության համար: Ամմանի քաղաքապետարանում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ արաբ ժողովրդին՝ անցած դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների կյանքը փրկելու և ապաստան տրամադրելու համար: Նախագահի խոսքով, հայերն այդ բարի վերաբերմունքին խորը հարգանքով և երախտագիտությամբ պատասխանեցին՝ իրենց ողջ հնարավորությունները ներդնելով այդ երկրների զարգացման գործում և ուրախ է, որ այդ մասին լսում է նաև Ամմանի հարգարժան քաղաքապետից: «Այսօր կրկնակի ուրախ եմ, որ Ամմանն ու Երևանը դարձան քույր քաղաքներ: Մենք սիրով սպասում ենք Ամմանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը մայրաքաղաք Երևանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: